January 10

Փայտարվեստի մասին

 

Փայտը կենդանի բնական նյութ է, որն իր մասնակցությունն ունի մարդու կոդմից շրջակա միջավայրի ճանաչման գործընթացին: Այն իր ջերմությամբ, փափկությամբ և օրգանական զգայականությամբ մոտ է մարդկային բնույթին: Մեր «քարերի երկիր» հայրենիքում փայտին ոչ պակաս ուշադրությամբ ու հարգանքով էին վերաբերվում, քան քարին՝ իր հուսալիությամբ ու ամրությամբ հանդերձ: Անհիշելի ժամանակներից մարդը, տիրապետելով փայտին, յուրացնելով և օգտագործելով նրա արժեքավոր հատկանիշները կենցաղում և ճարտարապետության մեջ, անձնատուր եղավ նաև նրա նուրբ, գեղագիտական խաղին, ի հայտ բերելով այս նյութի այնպիսի յուրահատկություններ, ինչպիսիք են թրթռունությունը, զգայունությունը, դյուրամշակելիությունը և գունային նուրբ հագեցվածությունը:

Փայտը քանդակագործի համար բացարձակապես յուրահատուկ նյութ է: Այս կամակոր նյութի հետ աշխատող արվեստագետը պետք է վերին աստիճանի զարգացած զգայական ընկալունակություն և խղճմտանք ունենա, քանի որ նա կենդանի նյութին նոր կյանք է հաղորդում: Հազարամյակներ շարունակ փայտի հետ աշխատելով՝ մարդն ուսումնասիրել է նրա բնույթը՝ տեխնիկական և գեգագիտական հատկանիշներով հանդերձ. ֆակտուրայի նրբություններով և գունային երանգներով, թելիկային կառուցվածքով, կտրվածքի պատկերով, որը դարերի դրոշմն է փայտի վրա: Նյութի պլաստիկ հարստության վերաբերյալ գիտելիքները քանդակագործին օգնում են հաղթահարել գլխավոր մասնագիտական դժվարությունները՝ կարողանալ չխաթարել փայտի կենդանի հոգին, նրա ներսում թաքնված կյանքը:


Posted January 10, 2024 by Սուրեն Բաղդասարյան in category Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*